Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորեց ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան ցուցահանդեսի կայացման գործում։
«Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միության աշխատանքը՝ ցուցահանդեսին իրենց ակտիվ և մեծ աջակցության համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին՝ միջոցառման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար»։
Դավիթ Սահակյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ում բարձր հովանու ներքո անցկացվեց միջոցառումը:
Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ավարտին՝ Դավիթ Սահակյանը հավաստագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակից ընկերություններին։ Նա ընդգծեց, որ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը բավական արդյունավետ էր. միջոցառման շրջանակներում արդեն իսկ կնքվել են պայմանագրեր, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ:
©Copyright | ArmHighTech 2022. All Right Reserved