Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 31-ին տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին և բարձր գնահատելով ցուցահանդեսի անցկացումը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, ՀՀ կառավարությանը նման միջոցառում կազմակերպելու և իրականացնելու համար։
ՀՀ նախագահը նշել է, որ այս միջոցառումն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի.
«Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը, առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որ ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:
«Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը։ Դրանով իսկ կխթանի տարածաշրջանի հետ խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացմանը», - ասել է Վահագն Խաչատուրյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ներկայացուցչական նման միջոցառման համար, բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների դերը երկրի զարգացման գործընթացներում։
«Ցանկանում եմ հատկապես նշել այն գիտնականներին, ստեղծագործ մարդկանց աշխատանքը, ովքեր գիշերուզօր աշխատել են, ջանքեր են ներդրել, որպեսզի Հայաստանն ունենա բավարար չափով պաշտպանական տեխնոլոգիաների արդյունաբերություն և զարգացնի այն», - ասել է Հակոբ Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցահանդես այցելել երեխաների հետ, որպեսզի նրանք ճիշտ մասնագիտական ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաները ՀՀ կառավարության նախանշած կարևոր ուղղություններից են։
Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը։ Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, նշել այն նպատակներն ու ուղղությունները, որոնցով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ այդ կերպ խթանելով տնտեսության դինամիկ և արագ զարգացումը։
«Նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից գիտահետազոտական և արտադրական կարողություններով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի առկայությունը ազգային անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև տնտեսական կայուն զարգացման հիմնական երաշխիքներից է»,- ասել է Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ իրենց տաղավարներով ցուցահանդեսում ներկայացված են նաև այն ստարտափ ընկերությունները, որոնք նախարարության տարբեր ծրագրերով ստացել են աջակցություն՝ դրամաշնորհների և հարկային արտոնությունների տեսքով:
«Առանձնակի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համակարգված մոտեցում է դրսևորում ստարտափ ընկերությունների նկատմամբ: Բացի սկզբնական շրջանում ցուցաբերած օժանդակությունից մեր կողմից հետևողական և շարունակական աշխատանքներ են տարվում նրանց զարգացման, կայացման ու հետագա առաջխաղացման համար: Սա նպատակային և կարևոր դիրքորոշում է, որը հետագայում կնպաստի, որպեսզի նրանց կողմից մշակված լուծումներն արդյունավետ կիրառություն ունենան մեր տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև երկրի անվտանգային և պաշտպանական համակարգերում։ Միջոցառումը առանձնահատուկ է նաև նրանով, որ կազմակերպչական բոլոր աշխատանքներում կիրառված են միմիայն հայկական տեխնոլոգիական լուծումներ»,- ընդգծել է Դավիթ Սահակյանը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո, Դավիթ Սահակյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, բարձրաստիճան պաշտոնյանները և հյուրերը շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ընկերություների կողմից առաջարկվող ծառայություններին:
Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում շուրջ 48 տաղավարներում, ավելի քան 50 ընկերություններ՝ 24 թեմատիկ բաժիններով կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները:
Միջոցառման շրջանակում Հայաստանում են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից:
Ներկա են նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ և այցելուներ։
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն
©Copyright | ArmHighTech 2022. All Right Reserved